research
  • 17 Фев
  • 2022

Աշխեն Հովհաննիսյան՝ «Նանոբժշկություն՝ մարտահրավերներ և հնարավորություններ»

    Փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայ-Ռուսական համալսարանում (նոր մասնաշենք, 7 հարկ) կ․գ․թ․, դոցենտ, Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղաբանության ինստիտուտի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, վերլուծական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Աշխեն Հովհաննիսյանը հանդես եկավ «ՆԱՆՈԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով զեկույցով։

    Նանոտեխնոլոգիան հիմնարար և կիրառական գիտությունների ու տեխնոլոգիաների ոլորտ է, որը զբաղվում է հիմնավորումների տեսական, հետազոտական, վերլուծական և գործնական մեթոդներով: Նանոտեխնոլոգիան համեմատաբար նոր գիտություն է, սակայն զարգանում է շեշտակիորեն: Վերջին տասնամյակում շատ հետազոտողներ ակտիվորեն իրականացնում են  տարբեր նանոմասնիկների (ՆՄ) սինթեզ, քանի որ վերջիններս ունեն ֆիզիկական, քիմիական այնպիսի հատկություններ, որոնք պայմանավորված են «քվանտային չափի էֆեկտներով»:
    Ժամանակակից բժշկակենսաբանական գիտությունները նույնպես անմասն չեն այս ոլորտի զարգացումներից: Նանոտեխնոլոգիաները վերջին մի քանի տարիների ընթացքում հիվանդությունների թերապիայում գրանցում են լուրջ հաջողություններ, որի  արդյունքում օգտագործվում է ՆՄ-երի հսկայական ներուժը պաթոգեն օջախի պատկերավորման, ախտորոշման, բուժման մեթոդների մշակման և բարելավման համար: Փոփոխելով ՆՄ-երի չափը, ձևը, կազմը և կառուցվածքը հնարավոր է վերահսկել ֆիզիկական և քիմիական բնութագրերը: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ ՆՄ-երի սինթեզի ժամանակ հնարավոր է վերահսկել նախագծման ժամանակ կանխատեսվող այս բոլոր գործոնները:  
    Բազմաֆունկցիոնալ նանո- և միկրոչափային կրիչների նախագծումն ու ստացումը կարող է համատեղել պաթոլոգիկ օջախի ախտորոշման, պատկերավորման ու բուժման գործընթացները՝ թերանոստիկան, որը նանոբժշկության մեջ զարգացող նոր ռազմավարություն է: Մեր կողմից նախագծվող մագնիսական դաշտով կառավարվող «միջուկ-թաղանթ» տիպի կենսահամատեղելի ՆՄ-ները,  կկիրառվեն մագնիսական հիպերտերմիայում, քիմիաթերապիայում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) պատկերավորման մեջ, որպես դեղերի առաքման համակարգի կրիչներ և թերանոստիկ գործիքներ: